Մենք անպարտելի ազգ ենք, մեզ հաղթելն անհնար է: Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը մի բռունցք դարձած կենաց մահվան կռիվ է տալիս. հայն աշխարհին հայրենիք սիրել է սովորեցնում:
Երկրապահ կամավորականների միությունում այս օրերին զանգերն ու կամավորների մուտքն աննախադեպ է: Դիմում են առաջնագիծ մեկնելու, հնարավոր ամեն ինչով օգնելու նպատակով: Օգնում են ով ինչով կարող է՝ դասավորում են զինվորի անհատական բժշկական պայուսակներ, հագուստ, ծխախոտ, սնունդ ու ջրեղեն են բաշխում: Շատերն էլ կամավորագրվել են եւ համալրելով ԵԿՄ հատուկ վաշտի, Պատանի, Երիտասարդ երկրապահների շարքերը արդեն մի քանի օր է մասնակցում են Երկրապահ կամավորականների միությունում առաջին բուժօգնության, զենքի հետ ծանոթության, զենքի տիրապետման, օգտագործման դասընթացներին: Երկրում ռազմական դրություն է, սակայն անկախ ամեն ինչից, կարեւորելով մեզանից յուրաքանչյուրիս պատրաստվածությունը, կարեւորելով երկրապահի սրբազան գործը շարունակելու փաստը ԵԿՄ-ում չեն դադարելու նման դասընթացները: Որպեսզի հետագայում բոլորս պատրաստ լինենք հնարավորությունների չափով օգնության հասնելու հայ զինվորին, կամավորին, ազատամարտիկին, քաղաքացուն:
Վերջին հրահանգները տալուց հետո արդեն մի քանի օր է առաջնագիծում մեր երկու հայրենիքների համար պայքար է մղում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Առաջին, իսկ օրերից առաջնագծում իրենց պայքարն են մղում նաեւ հանրապետության տարբեր բաժանմունքներից մեկնած մի խումբ երկրապահ կամավորականեր:
Մենք վստահ ենք, որ այս ազգին հաղթել չի լինի: Մենք հպարտ ենք մեր փառապանծ բանակով, մեր հզոր տղաներով, մայրերով, կանանցով:
Փա՛ռք նահատակված քաջերին,
Փա՛ռք երկրապահին,
Կեցցե՛ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը:
Աստված պահապան բոլորիս: