Շնորհավո՛ր տոնդ, անկախ Հայաստան (տեսանյութ)

29 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն:

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունում այսօր տոնական մթնոլորտ էր: Երկրապահները մեծ ոգեւորությամբ, հպարտությամբ շնորհավորում էին միմյանց Անկախության 29-ամյակի առթիվ:

Շնորհավորում էին այն Հայաստանի Անկախության տոնը, որի ազատության, անկախության կերտման ճանապարհին իրենց նշանակալի դերն են ունեցել նաեւ հենց իրենք՝ երկրապահ կամավորականները:

Եվ ահա երկրապահն իր մեծ ընտանիքով Եռաբլուր զինվորական պանթեոնում էր: Եռասերունդ երկրապահները ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, վարչության անդամների գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեցին Եռաբլուրի բարձունքում հանգչող Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի, Մոնթեի, Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի, մարտական ընկերների շիրիմներին:

Պատվո պահակ էին կանգնել պատանի երկրապահները:

Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, որում մասնավորապես ասված էր. «Մենք խաղաղություն սիրող ազգ ենք, բայց վստահեցնում եմ, որ այսօր երկրապահը հայոց բանակի հետ միասին պատրաստ է իր բոլոր ուժերով պահպանել եւ ամրապնդել Հայաստանի Հանրապետության, ազատագրված Արցախի անվտանգությունը՝ կյանքի գնով։ Այո՛, ԵԿՄ-ն հետպատերազմյա տարիներին էլ կատարում է իր սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով Հայաստանին, Արցախ աշխարհին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնությունը»:

ԱՄԵՆԱՆՈՐԸ