20.09.2020թ. ՀՀ առաջին զինվորական կազմակվորումը՝ Հատուկ գունդը նշում է կազմավորման 30-ամյակը: 1990թ. վերջին Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը այն աստիճանի էր լարվել, որ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ էր միավորել առանձին գործող կամավորական ջոկատները: Քանի որ ինքնաբուխ կերպով ամենուր ստեղծված կամավորական ջոկատները չունեին զենք, զինամթերք, համապատասխան մարտական պատրաստություն, համազգեստ, ջոկատների միջեւ բացակայում էր փոխգործակցությունը, գործողություններն էլ արդյունավետ չէին, անհրաժեշտություն էր առաջացել ստեղծել կենտրոնացված ղեկավարում ունեցող ռազմական կառույց: Այն ժամանակվա քաղաքական իրադրության պայմաններում դա հնարավոր էր անել միայն ՆԳՆ ենթակայության ներքո գտնվող ստորաբաժանումներ ստեղծելով: Հարյուրավոր մարդիկ արձագանքեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչին եւ անդամագրվեցին նորաստեղծ կառույցին: Երկու օր անց կամավորների թիվը 1256 էր: «Հատուկ գնդի» անվամբ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշի պատկերմամբ պատրաստվեց կլոր կնիք, բանկում բացվեց հաշվեհամար, հաստատվեց կանոնակարգը: Հոկտեմբերի 5-ին Հատու կգնդի 1300 մարտիկներ երդվեցին «անմնացորդ նվիրվել հայրենիքի պաշտպանության եւ վերածնման սուրբ գործին»: Պատերազմի ընթացքում գնդից զոհվել է 156 ազատամարտիկ։
Փա՛ռք նահատակված քաջերին,
Փա՛ռք Հայաստան ու Արցախ հանրապետություններին:
Նշանակալի է Հատուկ գնդի դերը հայ ժողովրդի, ՀՀ պատմության, հայկական բանակի ստեղծման, Արցախյան պատերազմում տարած հաղթանակի գործում: Գնդի ստեղծման մասին առաջին զորահանդեսի ժամանակ Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել է. «Զինակից ընկերնե՛ր, պատմության մեջ ենք մտնում: Կերտվում է Հայաստանի Հանրապետության պետական մակարդակով կազմակերպված պաշտպանական առաջին գունդը: Ձեզանից յուրաքանչյուրն այսօր պիտի քաջ գիտակցի, որ իր վրա մեծ պարտականություն է դրված: Դուք ազգի ընտրյալներն եք: Դուք եւ Ձեզ նման բազում այրեր, որոնք վաղը, մյուս օրը փոխարինելու են ձեզ, դառնալու են հազարավորներ եւ պետականորեն պաշտպանելու են իրենց հայրենիքը: Երանի՜ նրանից, ում վրա դրված է իր հայրենիքի պետականորեն պաշտպանության սուրբ գործը…»:
Երկրապահական ընտանիքը ամենուր եւ ամեն պատեհ առիթի նշել ու նշելու է, որ այդ սուրբ գործը տանելու է փառքով, որ փառքով է պահելու զոհված մարտական ընկերների, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, երկրապահների, ազատամարտիկների պատիվը, եւ ինչպես ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է միշտ նշում. «Անցած դարասկզբի արհավիրքն այլեւս երբեք չի կրկնվելու»:
ՀՀ ԵԿՄ վարչություն