Դարեր էլ անցնեն ԵՐԿՐԱՊԱՀՆ անմնացորդ ծառայելու է իր հայրենիքին

1993թ. հուլիսի 23-24-ին երկրապահ կամավորական ջոկատներն առաջին անգամ անցկացրեցին համագումար: Այդ օրը ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ միաձայն ընտրվեց Վազգեն Սարգսյանը: Վազգեն Սարգսյանի գործն անմահ է, թողած ժառանգությունը՝ մեր հզոր բանակը: Սպարապետ Վազգեն Սարգսյանի անժամանակ եւ դաժան սպանությունից հետո հերթական համագումարում վերջինս դարձավ ՀՀ ԵԿՄ հավերժ նախագահ:

Փա՛ռք Քեզ Սպարապետ, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում,
Փա՛ռք Արցախյան հերոսամարտին,
Փա՛ռք նահատակված քաջերին,
Փա՛ռք Երկրապահին, ազատամարտիկներին,
Փա՛ռք Հայաստանի եւ Արցախի հաղթանակած ժողովրդին:

Վազգեն Սարգսյանը միշտ կրկնում էր. «Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է»: Նա նաեւ հաճախ կրկնում էր, որ ինքը երջանիկ մարդ է, որովհետեւ փորձում է իրականացնել այն, ինչի մասին երազել է: Նրա կիսատ թողած գործն ու երազանքները իրականություն են դառնում մարտական ընկերների, գաղափարկիցների, հարազատների շնորհիվ: Սպարապետը միշտ ցանկացել է, որ տարիների ընթացքում երիտասարդանա կառույցը, որ այն գոյատեւի հավերժ: Եվ այդ ցանկությունն իրականացնելու միտումով Վազգեն Սարգսյանը 1997թ. հիմք է դրել պատանի երկրապապահ կառույցի ստեղծմանը: Ու արդեն 23 տարի «Պատանի երկրապահ» կառույցի միջոցով իրականացնում է նոր սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությունը: «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ամառային ճամբարում յուրաքանչյուր սեզոնին հանգստանում են պատանիներ եւ աղջիկներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից եւ սփյուռքից: «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը ի սկզբանե մի նպատակ ուներ, անմնացորդ ծառայել հայրենիքին, լինել իրենից ծնունդ առած բանակի կողքին:

 

Հիմա վստահաբար կարող ենք ասել, որ երկրապահ կամավորականների միությունը պատվով է տանում իր առաքելությունը:

Այս տարիների ընթացքում ՀՀ ԵԿՄ-ն անցկացրել է 12 համագումար: Վերջին՝ արտահերթ համագումարում վարչության նախագահ միաձայն ընտրվեց ԵԿՄ հիմնադիրներից, 1993թ. ՀՀ ԵԿՄ վարչության անդամ ընտրված Սասուն Միքայելյանը : Ինչպես ինքը՝ Սասուն Միքայելյանն է միշտ նշում, երկրապահը վերադարձել է իր արմատներին եւ շարունակելու է կառույցի հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի գործը:

 

Այսօր ՀՀ ԵԿՄ վարչության անդամները 25-ն են՝ ընդգրկված են պատերազմի բովով անցած բոլոր կառույցներից ներկայացուցիչներ: ԵԿՄ-ն վարչության անդամներ ունի «Մեծն Տիգրան» աշխարհազորից, «Արաբո» ջոկատից, «Աֆղանցիներ»-ից, Օդաչուներից, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից: Եվ ԵԿՄ-ն հավատարիմ մնալով իր պատգամին, հավատարիմ մնալով իր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարախոսություններին միակամ եւ ամուր կանգնած է Հայաստան եւ Արցախ պետությունների, իր ժողովրդի, իր բանակի կողքին:
Խաղաղություն մեր երկրին: Մենք հզոր ենք միասին: Մենք՝ երկրապահներս հավատացնում ենք, որ մեր երկրի սահմանները կլինեն անսասան:

ԱՄԵՆԱՆՈՐԸ