Սասուն Միքայելյանի պատմական շանսը. ԵԿՄ-ն վերադառնում է իր արմատներին

Վերջին օրերին մամուլը զետեղված էր Սասուն Միքայելյանի ու ԵԿՄ վարչության հասցեին քննադատական հրապարակումներով, որոնց առիթը Միքայելյանի հայտնի հայտարարությունն էր Արթուր Վանեցյանի հայտարարության մասին: Հնչեցին ամենաարմատական գնահատականներ, ընդհուպ Սասուն Միքայելյանը մեղադրվեց հակահեղափոխական ռևանշիզմին նպաստելու մեջ:

Իհարկե, նման գնահատականները որևէ աղերս չունեն իրականության հետ, սակայն շատ դեպքերում համակարգն առողջացնող նշանակություն ունեն, որովհետև կառույցի ներսում գեներացնում են քննարկումներ, գործընթացներ:

ԵԿՄ-ում վերջին օրերին հենց այս իրավիճակն է, ու երկրում տեղի ունեցող որոշ գործընթացներ բացահայտում են, որ Վազգեն Սարգսյանի ստեղծած միությունը դրական իմաստով տրանսֆորմացվում է՝ վերադառնալով իր ակունքներին: Երկրում մեկնարկած մասշտաբային զորավարժություններին ԵԿՄ ակտիվ մասնակցությունը ցույց տվեց, որ Սասուն Միքայելյանին հաջողվել է ստեղծել կենսունակ թիմ, տարածքային կառույցները դուրս են բերվել քրեաօլիգարխիկ տրամաբանության համատեքստից՝ դառնալով պատերազմի վետերաններին կոնսոլիդացնող միավորներ:

Վազգեն Սարգսյանի մահվանից հետո ԵԿՄ-ն հետևողականորեն դեգրադացվել էր՝ դառնալով քրեաօլիգարխիկ համակարգի սեգմենտներից մեկը ու օտարվելով հազարավոր երկրապահներից, Եռաբլուրից: Հեղափոխության հաղթանակից ու Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո անգամ քննարկվում էր միության գործունեության նպատակահարմարության հարցը: Բարեբախտաբար, Սասուն Միքայելյանը դարձավ ԵԿՄ առողջացման, ռեաբիլիտացիայի կոնսենսուսը, ու վստահաբար կարող ենք արձանագրել, որ միությունը պետականության, հեղափոխության օրակարգի կարևոր, առանցքային կրողներից մեկն է:

Շատ կարևոր է, որ ԵԿՄ-ն այսօրվա իշխանության հետ լինի ոչ թե ուղղահայաց բուրգի տրամաբանությամբ, այլ գաղափարաքաղաքական համատեքստով:

Սասուն Միքայելյանը կարծես կարողանում է լուծել այդ խնդիրը, ավելին՝ նա պատմական շանս է ստացել ԵԿՄ-ին վերադարձնելու այն հեղինակությունն ու առաքելությունը, որը միությունն ուներ Վազգեն Սարգսյանի կենդանության տարիներին:

1in.am

ԱՄԵՆԱՆՈՐԸ