Զինվորն ու Սպարապետը

88-ի խանդավառությամբ բռնկված ալիքը երբ մասամբ խաղաղվեց, մեր նորանկախ պետության առջեւ ուրվագծվեց երկու նոր ճանապարհ` քաղաքական ու ռազմական։ Առաջինով գնացողների թիվը մեծ էր, մանավանդ փառքի ու ապահովության պսակով զարդարված։ Երկրորդ ճանապարհը, որ բռնված էր կամավոր նվիրյալների անկազմակերպ խմբերով, պիտի ընտրեր ի՜ր ճամփորդին։ Իսկ նա երկնքից չէր գալու։ Վազգեն Սարգսյանը, որ արդեն պաշտպանական ընդհատակյա կազմակերպման քուրայի մեջ էր Հայաստանում եւ Արցախում, ղեկավարեց Երասխավանի մարտերը։

1989-91թթ. Հայաստանում իշխում էր սոդոմ-գոմորի իրարանցումը։ Մի կողմից սովետմիության փլուզումը, մյուս կողմից պատերազմն ու շրջափակումը, երրորդ կողմից` կուսակցական-քաղաքական խժդժությունները, չորրորդ կողմից խուճապն ու անհուսությունը բռնել էին երկիրը։ Սակայն կար նաեւ հինգերորդ կողմը, ուր հենց նայում էր Վազգեն Սարգսյանը։ Դա խառնիխուռն ջոկատների խմբավորումն էր միասնական հրամանատարության ներքո, որը նշանակում էր ստեղծել բանակի կորիզ, վարել կազմակերպված կռիվ եւ կոփել հաղթանակի կամք։
 
1990թ. սեպտեմբերի 20-ին հռչակվեց հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պատմական հրամանագիրը Հատուկ գնդի ստեղծման մասին։
 
Զինհրապարակում հպարտորեն շարքի կանգնեցին կամավորականները, նրանք, որ կռվել էին հայրենիքի սահմաններում, Արցախի լեռներում, քայլել կորուստների ու հաղթանակների միջով, թրծվել իբրեւ կորովի մարտիկներ։
 
Նրանք առաջին սերնդի անկոտրում տղերքն էին` նորածիլ երեսներով պատանիներից մինչեւ կոշտացած մազակալ դեմքերով միջահասակ ու տարեց հայորդիք` իր իսկ` Վազգեն Սարգսյանի բնորոշմամբ, մի հին մոռացված սքանչելի բառով` Երկրապահ։
 
Նույն թվականի նոյեմբերի 5-ին Հատուկ գունդը երդվեց։
 
Հայոց զենքի հաղթանակների բարձրակետը եղավ 92 թվականի մայիսի 8-ից, երբ վաղ առավոտյան Արցախի ինքնապաշտպանական ուժերը չորս ուղղություններով սկսեցին Շուշիի անիրական թվացող գրոհը։ Հետագայում պատմաբաններն այս օպերացիան կդասեն հայ մարտարվեստի դասականների շարքը, որն իրագործվեց Վազգեն Սարգսյանի, մեր զինվորների ու հրամանատարների բարձր խիզախության շնորհիվ։
 
Նույն օրվա երեկոյան Շուշին ազատագրված էր։
 
Հայության ոգեւորությունն անչափելի էր։ Սակայն զգացական վերաբերմունքը մի կողմ, Շուշիի ազատագրումն ուներ պաշտպանական եւ ռազմավարական հսկայական նշանակություն։ Մայիսի 9-ին եւ 10-ին սկսվեց անկասելի գրոհը Լաչինի ուղղությամբ։ Խուճապի մատնված հակառակորդը նահանջում էր, թողնելով ռազմամթերք ու տեխնիկա։ Լաչինի ճակատագիրը որոշված էր։ Պատմության տիրակալների քմահաճությամբ արված սխալը վերջապես շտկվեց, ցամաքային ուղղակի կապ ստեղծվեց Հայաստանի ու Արցախի միջեւ։ Անհատ մարդկանց կամ խմբի սխրանքի գնով ձեռք բերված մեծ ու փոքր հաղթանակները որքան էլ տպավորիչ, այնուհանդերձ բավարար չէին այդ ամենը պահելու համար։ Հարցերի հարցը մնում էր չլուծված։ Անհրաժեշտ էր ստեղծել կանոնավոր բանակ։ Եթե ոմանց համար դա անիրականանալի թվացող երազանք էր, քարուքանդ եղած երկրի պայմաններում, ապա Վազգեն Սարգսյանի համար սեփական մաշկը զգալու չափ իրական եւ փայփայելի էր։ Որքան հավատ է պետք արտագաղթի ճամփան բռնած, հեղեղուկ կյանքի հորձանքներում տարուբերվող ժողովրդին համոզելու համար, որ հացից ավելի կարեւորը սեփական բանակ ունենալն է։
 
Եվ, այնուամենայնիվ, մեր հին ազգի վկայած Վահագնի տեսքով բոցերի միջից ծնվեց Հայոց ազգային բանակը։ Կուտակած փորձը, կամային հատկանիշները Վազգեն Սարգսյանին դարձրին այն անձը, որը պիտի ստանձներ հանրապետության առաջին պաշտպանության նախարարի ծանրագույն պաշտոնը։ Դա 1992 թվականի հունվարն էր։
 
Չգիտես ինչու մեր ուղեղում կաղապարված է այն միտքը, թե մենք պատերազմում միմիայն պիտի հաղթենք։ Մինչդեռ պատմության մեջ տակավին չի եղել այնպիսի պատերազմ, երբ կողմերից մեկը միմիայն հաղթի։ Պատերազմում հաշվի մեջ են նաեւ նահանջը ու ինչ-որ դրվագներում պարտությունը։ Անշուշտ, այդ կաղապարն էր պատճառը, որ ժողովուրդը անլուր տագնապով ընդունեց Արծվաշենի անկումը, Մարտակերտի ծանր դեպքերը։ Սակայն, ի վերջո, գլխավորը պատերազմում պարտությունն ու նահանջը հաղթանակի վերածելն է։ Դրամատիկ դեպքերը հաջորդում էին միմյանց։ Պատերազմի անողոք հունձքը տանում էր հրաշալի մարտընկերների։ Կորուստների ու ցավի մեջ նրան այցելեց չհասկացվածության հիդրան։ Բայց նա ընդունել էր արդեն պատերազմի կանոնները եւ կայացել իբրեւ մարտիկ։ Ուստի այդ մղձավանջին հակադրեց իր` զինվորի կամքը եւ իբրեւ մարդու` լավատեսությունը։
 
1992-ի ամռանը, երբ ադրբեջանական բանակը համալրվեց խորհրդային փլուզված բանակի ծանր զինտեսակներով, արցախյան ճակատներում դրությունը դարձավ օրհասական։ Թշնամու առաջխաղացումներին դիմագրավելու համար երկրապահների առավել փորձառու մի ստվար խմբի Վազգեն Սարգսյանն առաջնորդեց մարտադաշտ`
 
Մահապարտները ետ շրջեցին պատերազմի անիվը։
 
Պաշտպանության նախարարը իբրեւ պետական, ռազմական գործիչ, սկզբից եւեթ որդեգրեց ապակուսակցական ռազմագիծ, դրանով իսկ բանակը զերծ պահելով ներքին բեւեռացումների վտանգից։ Գերիշխող դարձավ ՙԲանակը ժողովուրդն է՚ կարգախոսը։ Սակայն բանակի կերտման գործընթացը հասարակական եւ սոցիալական անկայունության պայմաններում գտնվող երկրում լի էր ամենօրյա, ամենժամյա լարվածությամբ։ Ժողովրդի մեջ իշխող խուսափողական անվստահության տրամադրության շնորհիվ զորակոչը տալիս էր անցանկալի արդյունք քաղաքացիական կյանքում ծաղկում ապրող քրեական վարքագիծը հրապուրում էր շատ սպաների։ Իսկ այդ ամենի թիրախն ի վերջո մի մարդ էր, պաշտպանության նախարարը։
 
Հայոց բանակը որպես փաստ եւ իրողություն դրված է աշխարհի ուժերի նժարին։ Հիմա այլեւս այն ժամանակները չեն, թե մեծաթիվ բանակի մեջ է հաղթանակը։ Այժմ առաջին պլան է մղվել բարձր մարտավարությունը, զենքի կատարյալ տիրապետումը, ժամանակակից ռազմավարական գիտելիքները։ Բանակն ինքը երկխոսություն է աշխարհի հետ, բանակը տպավորություն է, բանակը կարծիք է։ Իսկ հայոց բանակի վերընթացը սկսվեց 1994 թվականին, պատերազմական գործողությունների դադարից անմիջապես հետո։ Ազգային բանակի ծննդյան առաջին իսկ օրից Վազգեն Սարգսյանը հանդես եկավ ԱՊՀ շրջանակներում համատեղ զորակցության կերտող։ Դրա արգասիքը եղան հայ-ռուսական համատեղ զորավարժությունները, դաշնակցական պայմանագրերի կնքումը, բարձր մակարդակի փոխայցելությունները։
 
Նախարարը բանակային շինարարությունը սկսեց նրանով, որ մեկ օղակի մեջ միաձուլեց երկրապահ կամավորին եւ կադրային սպային։ Նա մի մարմին դարձրեց պատերազմի փորձն ու տեսական գիտելիքը։ Սա նուրբ եւ դժվարին ընթացք էր, անշուշտ` հղի որեւէ կողմի ինքնասիրությունը վիրավորելու վտանգով։ Եթե չլիներ Վազգեն Սարգսյանի անձի հանդեպ երկուստեք հավատքն ու վստահությունը։
 
Վազգեն Սարգսյանի` իբրեւ զորավարի եւ հայի գնահատելի արժանիքներից պետք է համարել խաղաղ պայմաններում Երկրապահ կամավորականներին հավաքել ու նախ բանակի մեջ որպես կորիզ պահելու եւ ապա ջոկատային, հատվածական մտածողությունից ձերբազատվելով` դրանց վարքը, բարոյականության ուժն ու լույսը քաղաքացիական կյանքում պահել-պահպանելու ջանքերը։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ստեղծել միություն, որն ուղղորդեր պատերազմում կուտակած երկրապահի ողջ ներուժը։
 
Իսկ ահա, 99-ի արտահերթ համագումարում ԵԿՄ-ն միավորվելով ՙՀանրապետական՚ կուսակցության հետ մեկընդմիշտ մերժեց այն միտքը, թե ՙԵրկրապահը՚ լոկ կռվի մարդ է, քաղաքականության հետ գործ չունեցող։ ՙԵրկրապահը՚ նորագույն ժամանակներում ձեռք բերեց քաղաքական որոշակի դիմագիծ, որի գլխավոր մոտիվը հանրապետության ճակատագրի հանդեպ պատասխանատվությունն է։
 
Ազգային գաղափարախոսություն… Արդեն քանի տարի է ազգովի պտտվում ենք այս հասկացության շուրջ, մեկը պանծացնում է այն մինչեւ երկինք` կտրելով հողից ու իրականությունից, մեկն իր սեփականն է համարում ու հագցնում իր կուսակցական ոտքերին։ Մեկը գեղեցիկ բառերով հեքիաթներ է հյուսում շուրջը ու ինքն էլ քնում այդ հեքիաթի տակ, մեկ ուրիշն էլ պարզապես մերժում է…
 
Վազգեն Սարգսյանի համար ազգային գաղափարախոսությունը հեռանկար-նպատակ էր ու կոնկրետ գործողություն։
 
Միայն ազգային խորը իդեալներով ապրող գործիչն է, որ ամեն անգամ, երբ երկրում սրվում է ներքին իրավիճակը, համարձակվում է ստանձնել ժողովրդին պարզաբանումներ տալու, նրա անվտանգության երաշխավորը, ողջ իրադրության պատասխանատուն լինելու պատմական դերը։

ԵԼՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

 
…Ես ուզում եմ խոսքս ավարտել` կոչ անելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին։ Անկախ ամեն տեսակի քաղաքական հոսանքների, քաղաքական խաղերից` դուք հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռնամխելիությունը։ Քաղաքական հոսանքները կգան եւ կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ. դա կարող է մեզ կործանման տանել։ Եթե զինվորները խառնվեցին քաղաքականության, մենք դրա արդյունքն արդեն տեսել ենք, երկիրը կկործանվի։ Խնդրել եմ եւ խնդրելով պահանջում եմ` հեռու մնացեք քաղաքականությունից, հեռու մնացեք բոլոր տեսակի քաղաքական հոսանքի կուսակցության անդամ դառնալուց։ Իսկ ովքեր օրինավոր, կանոնավոր բանակի մեջ կփորձեն կուսակցականություն մտցնել, գաղափարախոսություն տանել, ուղղակի պիտի իրենք դատվեն որպես դավաճաններ` քրեական օրենսգրքին համապատասխան։
Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ, թշնամուն թողած, իրական թշնամուն թողած` ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցներին մեջ դավաճաններ մի փնտրեք։ Եվ, եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ, մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքից, յուրաքանչյուր շրջանից եթե ընդամենը 10-15 տղա գա` մենք կունենանք 500 հոգանոց (ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ` կարելի է հավաքել տասնյակ հազարներ, բայց ես ուզում եմ 500) մահապարտների զորագունդ։ Էդ զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրելու հավանականությունը 50-50 տոկոսի նկատմամբ է։ Վաղը չէ մյուս օրը յուրաքանչյուր շրջանից` 10-15-ական հոգի։ Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Որովհետեւ իրականում ոչինչ չի պատահել, որովհետեւ իրականում թշնամին նույն թշնամին է, ոնց որ առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է եւս մի հարված, հարկավոր է եւս մի արթնացում, էսպես ցնցում, եւ էդ ցնցումը մենք պիտի անենք` դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը մեզանից ոգեւորվի։ Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու եւ կենդանի մնալու հավանականությունը կեսի-կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք, եւ եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։
Շնորհակալ եմ։։ 
ՀԵՌՈՒՍՏԱԵԼՈՒՅԹ 15 օգոստոս 1992թ.
 
ՙ…Ես կարճ պիտի ասեմ, բանակն ստեղծվում է, եւ օրենքներն ավելի հետ են ընկել։ Ես ձեզ խոստացել եմ, այս ամսին ձեզ կներկայացնենք մեր գնդերը։ Առանց աղաղակի ենք անում։ Դա ճիշտ է։ Եվ օրենքները հետ են ընկել, եւ ես ձեզ կխնդրեի օրենքները հասնեն բանակի ստեղծմանը։ Ներկայացված փաստաթուղթը ես կխնդրեի խորհրդարանից, որպեսզի ընդունի, որովհետեւ այդ նույն հայեցի մտածելակերպը մենք էլ ունենք։ Մի ժամանակ ես զբաղվում էի գրականությամբ եւ, կարծեմ, վատ գրող չէի։ Բայց, երբեմն շահերն ավելի կարեւոր են, քան, ասենք, ցանկությունները։ Հիմա ես կխնդրեի օրենքն ընդունվի այնպես, ինչպես որ կա, քանի որ բազմաթիվ նրբություններ կան։ Բայց հասկացեք, սպաները, որ պիտի գան Հայաստան, գալու են ոչ թե Հաբեշստանից կամ Թուրքիայից, այլ գալու են նույն ՙԷՍԷՆԳԵ՚-ի երկրներից։ Եվ, որպեսզի այդ բալանսը չխախտվի, պահպանվի, ամենաառաջին հերթին անհրաժեշտ է անցումը լինի սահուն, անհրաժեշտ է, որ դա պահպանվի, ամենառաջին հերթին։
 
ԵԼՈՒՅԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ 10 մարտի 1992թ.
 
- Մենք առաջին անգամն է, որ հավաքվում ենք այսպիսի մեծ խմբով, այսքան ներկայացուցչական հավաք` ոչ պատերազմական նպատակներով, ոչ անմիջապես մարտադաշտ մեկնելու նպատակով։ Էլի հավաքվել ենք, բայց հավաքվել ենք զուտ պատերազմական խնդիրներով եւ հավաքույթից անմիջապես հետո մեկնել ենք ճակատ։ Ուզում եմ ասել, որ հավաքույթն այն պատճառով չէ, որ մենք ասենք, թե եկել է քարերը հավաքելու ժամանակը։ Ամենեւին։ Տա Աստված, որ որ այդ ժամանակը շուտ գա, այդ ժամանակը մենք շուտ բերենք, սակայն մեր Շարժումը, մեր բանակի կազմավորումն այդ Շարժման մեջ միշտ հանգրվանային փուլեր է ունենում եւ համոզված ենք, որ հանգրվանային փուլերից մեկն էլ սա է։ Եվ այս կետից երկրապահների, կամավորականների ուժերն ու հնարավորությունները պիտի օգտագործվեն փոքր-ինչ այլ կերպ, փոքր-ինչ այլ նպատակներով, եւ այդ մասին մենք պետք է այստեղ խոսենք։ Մեր հավաքի կարեւորագույն նպատակներից մեկը վառոդը տակառում միշտ չոր պահելն է, քանի որ մեր պետությունը խաղաղատենչ, խաղաղությունը գնահատող պետություն է, սակայն խաղաղության հասնելու լավագույն ձեւը պատերազմին միշտ պատրաստ լինելն է։ Ուզում եմ միանգամից ասել նաեւ, որ երկրապահների հավաքն ամենեւին ջոկատային շարժումը նորից վերակենդանացնելը չէ, քավ լիցի։ Երկրապահների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ նա իր մարմնով, իր արյամբ ծածկեց հանրապետության սահմանները եւ իր արյունով հնարավորություն տվեց, որ երկրում բանակ ստեղծվի։ Այդ բանակն այսօր կա, փաստ է, փառք Աստծո, եւ այսուհետ մեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը պաշտպանության գործին պիտի լինի կառույցների միջոցով, կառույցների ձեւով։ Այսինքն, այն մտայնությունը, թե այս հավաքն անցած պրոցեսները զրոյից վերակենդանացնելու միտում ունի, ամենեւին այդպես չի։ Մենք հավաքվել ենք ճշտելու, թե ինչպես ենք օգնելու մեր նորաստեղծ բանակին, էլ ինչ պետք է անենք։ Հավաքվել ենք ճշտելու, թե մեզանից քանիսն են բանակային կառույցները, թե նոր սերնդի ռազմահայրենասիրական, գաղափարական դաստիարակության ու մեզանով բանակային կադրերի համալրման գործում էլ ինչ կարող ենք անել։ Եվ եթե, Աստված չանի, նորից ալիքը բարձրանալուց մեր ներկայության կարիքը լինի, իբրեւ երկրապահ հանդես գալու կարիքը լինի, նորից կարողանանք կազմակերպված ձեւով, արդեն իբրեւ միություն, շատ ավելի միասնական դուրս գալ պայքարի։ Եվ մյուս նպատակը` որպեսզի մենք կարողանանք մեր զոհված ընկերների, վիրավոր ընկերների ընտանիքներին, իրենց առողջությանը, մեզանից յուրաքանչյուրի սոցիալական, տնտեսական, կենցաղային հարցերին սատար լինել, ինքներս թիկունք կանգնել։
Այս հիմնարար խնդիրներն են, որոնց համար այսօր հավաքվել ենք։ Կարծում եմ, մեր ընդհանուր նպատակն այն է, որպեսզի ստեղծվի միություն։
88 թվից, երբ մենք ոտքի կանգնեցինք Արցախի եւ Հայաստանի միասնության համար, մինչեւ 91 թիվը, եթե մեզ մարգարեաբար ասեին, որ մենք 93թ. այս օրը հավաքվելու ենք մեր անկախացած պետության մայրաքաղաքում, եթե մեզ մարգարեաբար ասեին, որ հավաքվելու ենք ազատագրված Հայաստանում, որովհետեւ Հայաստանն ինքն ազատագրվելու կարիք ուներ, եթե ասեին մեզ, որ մենք հավաքվելու ենք այստեղ` ազատագրված Արցախով, հավաքվելու ենք, ըստ էության, դե ֆակտո միացած անկախ Հայաստանում` Շուշիով, Լաչինով, Քելբաջարով եւ այլն, ու եթե ասեին` այդ ճանապարհին մենք զոհեր ենք ունենալու, լավագույն տղերքի արյունն է թափվելու, եթե ասեին` այդ ճանապարհին հրեշավոր ձմեռ է լինելու, շատ ենք չարչարվելու, ես համոզված եմ, որ մենք ամբողջ ժողովրդով կհամաձայնեինք դրան։ Ավելինին կհամաձայնեինք։ Այսօր այդ օրն է։ Եվ սրանից ընդամենը 5-10 տարի հետո մեր մասին չեն դատելու, թե էս ձմեռ 250 գրամ հաց ավել կերանք, թե պակաս։ ազ կա՞ր, թե՞ չկար։ Դատելու են` երկիրը պահեցի՞նք, պետությունը ստեղծեցի՞նք, թե՞ ոչ։ Մնացած ամեն ինչ երկրորդական է, մնացած ամեն ինչ ծիծաղելի է թվալու սերունդների աչքին։ Այսօր այդ վիճակը կա, եւ այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի այդ վիճակն ամրապնդենք։ Այսօր հավաքվել ենք, որպեսզի սթափ նայենք միմյանց աչքերին, մտածենք, որ վիճակն ամրապնդել է պետք։ Այսօր այդ վիճակը կա, եւ մեր բոլոր զոհողությունները, մեր բոլոր ընկերների արյունը, մեր արյունը պատճառաբանված է` անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ընթացքում ինչ վայրիվերումներ եղան, անկախ նրանից, թե փորձենք վերլուծել, թե մեր պայքարի ընթացքում ինչպիսի սխալներ ու անհարթություններ եղան։ Վերջին հաշվով, մեր պայքարն արդարացվեց, այն էլ ինչպես։ Հիմա եկել է այդ պայքարի արդյունքները նույն ջանքերով, նույն խնդությամբ, նույն պետական մտածողությամբ պաշտպանելու հերթը։
Մենք սկսեցինք, իհարկե, խմբերից եւ ջոկատներից։ Արցախյան շարժումը սկսվեց բազմահազարանոց, մարդաշատ միտինգներից, ու անընդհատ փորձում էին այդ Շարժումը տանել այլ հարթության վրա, փորձում էին տանել ռազմական ուղղության վրա։ Սումգաիթից հետո մենք հասկացանք, որ եւս մի անգամ մենք նահատակվելու իրավունք չունենք, որ նահատակություններն ու բարոյական հաղթանակները բավական են արդեն։ Եթե ուզում էինք այդ պայքարում հաղթանակած դուրս գալ, պիտի պատրաստ լինեինք պատերազմին, մենք միշտ պետք է պատրաստ լինեինք զինված պայքարին։ Սումգաիթի, հատկապես Բաքվի դեպքերից հետո Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերում տարերայնորեն սկսեցին ձեւավորվել խմբեր եւ ջոկատներ։
Ինքնապաշտպանության բնազդն օդի մեջ արդեն սավառնում էր։ Բաքվի դեպքերից հետո ՙՂարաբաղ՚ կոմիտեն զենքի կոչ արեց, քանի որ հակառակ կողմը մեր դեմ դուրս էր եկել ուժային պայքարի։ Հակառակ կողմը պատսպարվում էր կոմունիստական իշխանությունների հովանու ներքո, եւ մենք ուրիշ ելք չունեինք, բացի ինքնապաշտպանության դիմելուց։ Այն զենքը, որ մենք այս կամ այն ճանապարհով կարողացանք ձեռք բերել, եթե տրամադրվեր կանոնավոր կերպով, ինչպես եղավ մի շարք շրջաններում, տրամադրվեր ստորագրություններով, շատ ավելի մեծ արդյունք կտար։ Ավաղ, այդպես չեղավ։ Մեզանից շատ-շատերը վտանգվելով` ամեն ինչի գնացին` զենք ձեռք բերելու` սկսած սովետական բանակից, ավարտած մեր միլիցիայով։ Հետագայում մենք մեղադրվելու էինք ընդհուպ բանդիտիզմի մեջ։ Բայց մենք ուրիշ ելք չունեինք։ Բաքվի դեպքերի ժամանակ արդեն կային Հայաստանում քիչ թե շատ ձեւավորված խմբեր ու ջոկատներ։ Այն ժամանակ էր, որ մենք առաջին անգամ զինված առճակատման դուրս եկանք թշնամու հետ ու ազատագրվեց առաջին փոքրիկ հողակտոր` Քյարքի գյուղը։ Դրան հետեւեց Երասխի կռիվը։ Երասխն իր ժամանակի համար մինչ այդ եղած կռիվներից ամենամեծն էր։ Եվ առաջին անգամ Երասխում էր, որ մենք այսպես միասին հավաքվեցինք։ Հետագայում, իհարկե, յուրաքանչյուր երկրորդ հայ իրեն համարեց Երասխի հերոս, Երասխն անվանեց ճակատամարտ։ Դրանում, իհարկե, գրոտեսկ կար։ Մենք հո գիտենք, թե Երասխում ինչ կատարվեց։ Եվ արդեն Երասխում մենք հասկացանք, որ կազմակերպված, ճիշտ կառավարվող 100-200 հոգին ավելի մեծ ուժ են, քան տարերային 1000-ը։ Երասխից հետո բնական ցանկություն, պահանջ առաջացավ եղած ջոկատները միավորելու։
 
ԵԿՄ 1-ԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ 1993թ.
 
Իսկ այսօր սփոփվեք խնդրում եմ նրանով, որ մենք` ձեր որդիներն ու թոռները, ձեր օրինակով ու ոգով դաստիարակված, նույն մայիսի 9-ին, բայց արդեն 1992թ. ազատագրեցինք հայոց պանծալի Շուշի քաղաքը։
 
Թույլ տվեք այդ հաղթանակը նվիրել նաեւ ձեզ` մեր զոհված ընկերների մայրերի, կանանց ու զավակների հետ հավասարաչափ։ Շուշիի ազատագրումը մեր պատմության ամենապանծալի հաղթանակներից է։ Վերջնական հաղթանակներից։ Հավատացեք, եւս 50, եւս 500, 5000 տարի, հավերժ Շուշին հայկական է լինելու։ Դրա ամենափայլուն առհավատչյան մայիսի 9-ին Ստեփանակերտում կայանալիք ռազմական շքերթն է լինելու։ Ով աչք ունի, թող տեսնի, ով ականջ ունի, թող լսի տանկերի հռնդյունը, ով սիրտ ունի, թող ցնծա ուրախությունից։ Մենք հաղթել ենք, մենք վերջնականապես հաղթելու ենք 20-րդ դարում։
 
Թող բոլորն իմանան, որ արհավիրքներով ու պատերազմով անցած հայ ժողովուրդը շարունակում է մնալ բարձր կուլտուրայի եւ մշակույթի ժողովուրդ։ Որ անխախտելի պաշտպանությամբ եւ բարձր մշակույթով ու գիտությամբ է պայմանավորված մեր երկրի ապագան։ Որ մեր պատմության հազարամյա ճանապարհներին մենք չենք սպառել հավատքի ու խանդավառության պաշարները եւ 21-րդ դար ենք մտնելու բոլոր իմաստներով հաղթանակած, կուռ, միասնական… Փառք ու պատիվ բոլորիդ։ Հավերժ փա՜ռք զոհվածներին։ Այսօր, միլիոնավորներից առանձնացնելով մեզ` հազարներիդ, առաջին անգամ փորձում ենք գործով ապացուցել, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել… Նրանք, ովքեր տեր կանգնեցին այս երկրի ծանր վիճակին, պիտի դառնան այս երկրի լայն օրվա տերը։ Ձեր երեխաներինը պիտի լինի այս երկրում ամենաերաշխավորված ապագան։ Եվ եթե, Աստված չանի, մեզ նորից պատերազմ պարտադրեն, համոզված եմ, որ նաեւ ձեր անկոտրում ու մարտական անգնահատելի փորձով մենք մեր զոհված ընկերների գործը կիսատ եւ մեր երեխաներին` անավարտ գործ չենք թողնի։
 
ՀԱՏՎԱԾՆԵՐ ՀԵՌՈՒՍՏԱԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ 1997թ.
Զինակից ընկերներ, հարգելի հյուրեր, ես ձեզ շնորհավորում եմ ԵԿՄ երրորդ համագումարը պատշաճ մակարդակով անցկացնելու, լուրջ քննարկումների, լուրջ որոշումների եւ լուրջ եզրահանգումների համար։
Պիտի նշեմ, որ նախորդ համագւմարից հետո եւ քննարկումների մակարդակը, եւ բարձրացված-քննարկված հարցերի շրջանակը մեծացել է։ Դա ցույց է տալիս, որ մեր կազմակերպությունը չի դոփում տեղում, որ կազմակերպությունն առաջընթաց ունի։
Համագումարում մենք ընդունեցինք շատ կարեւոր որոշումներ, որոնք մեզ հնարավորություն կտան ավելի հարստացնել կազմակերպության ինտելեկտուալ մակարդակը։ Այսինքն` մեր կազմակերպությունն այլեւս փակ կազմակերպություն չէ, եւ մեր շարքերում կարող են տեղ գրավել ոչ միայն 1993-94 թվականներին մարտնչած տղաները, այլեւ նրանք, ովքեր մարտնչել են մեր հայրենիքի պաշտպանության համար նաեւ եռամսյա զորահավաքների ժամանակ` զորակոչային բանակի կազմում։ Սա շատ կարեւոր երեւույթ եմ համարում։ Միաժամանակ շատ եմ կարեւորում նաեւ այն, որ համագումարը մեկ անգամ եւս հաստատեց` Երկրապահը մնում է որպես հասարակական կազմակերպություն։ Հարյուրավոր կազմակերպությունների մեջ պիտի լինի մեկը, որը թվաքանակով թերեւս ավելին է, քան բոլորը միասին վերցրած, բայց երբեք կուսակցական, քաղաքական նպատակներ չի դնելու իր առջեւ, չի դրել եւ մեր հիմնական նպատակը լինելու է մեր երկրի անվտանգության ապահովումը։ Մենք միշտ եղել ենք կենտրոնում, շարունակելու ենք մնալ կենտրոնում։ Մենք միշտ եղել ենք շանթարգելի դերում եւ կշարունակենք մնալ այդպիսին։ Քանի դեռ այս երկրում կա պատերազմի վտանգը, դեռեւս կա քաղաքական կատակլիզմների վտանգը, մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել բոլոր հարվածները։ Մենք պատրաստ ենք մերանի դեր խաղալ, հաշտեցնողի դեր խաղալ բոլոր կարգի քաղաքական հարցերում, իշխանությունների եւ ընդդիմության արանքում, պատերազմի եւ խաղաղության արանքում։ Մենք պատրաստ ենք երկուսին էլ` եւ պատերազմին, եւ խաղաղությանը։ Սա է մեր կազմակերպության հիմնական նպատակը լինելու առաջիկա տարիների ընթացքում։
Ես ձեզ ցանկանում եմ անձնական մեծ երջանկություն, սիրելի մարտական ընկերներ։ Ես ցանկանում եմ, որ հաջորդ համագումարին մեզանից ոչ ոք պակասած չլինի։ Ես ցանկանում եմ, որ մենք այնքան ուժեղ, այնքան սթափ եւ այնքան պատրաստ լինենք պատերազմին, որ հաջորդ երկու տարիների ընթացքում պատերազմ չլինի։ Ես ցանկանում եմ, որ մեր հաջորդ համագումարին մենք ներկայանանք ավելի պինդ թե կազմակերպությամբ, թե պետությամբ, ավելի մեծ հավատքով, ավելի ոգեղեն։ Ես համոզված եմ, որ այդպես է լինելու, եւ ուզում եմ այսօր իսկ ձեր թույլտվությամբ հայտարարել հաջորդ համագումարի տարեթիվը, ամսաթիվը, նույնիսկ օրը, նախ` որպեսզի մեզ չմեղադրեն համագումարներ գումարելու ժամանակ ամսաթվերի ընտրության ժամանակ քաղաքական երանգների մեջ, եւ ապա` մեր հաջորդ համագումարը տեղի է ունենալու, բնականաբար, 2 տարի հետո` 1999թ. դեկտեմբերին։ Այսինքն` ընդամենը մի քանի օր հետո մենք մտնելու ենք 21-րդ դար։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ պատմական իրադարձության շեմին է մեր համագումարը տեղի ունենալու։ Մեր հաջորդ համագումարին մենք ամփոփելու ենք ոչ միայն մեր կազմակերպության աշխատանքները, այլեւ հաշիվներս փակելու ենք 20-րդ դարի հետ, որ մեզ համար սկսվեց ողբերգությամբ, արհավիրքներով եւ, համոզված եմ, ավարտվելու է հաղթանակով։ Եվ այսօր նմանապես պիտի կրկնեմ` մենք երբեք այսքան մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին, քան այսօր ազգովի մենք շատ մոտ ենք մեր վերջնական հաղթանակին։ Եվ ազգային միասնության դեպքում, մեր ուժերի նկատմամբ հավատքը չկորցնելու դեպքում, մեր բանակի հետագա զորացումն ապահովելու դեպքում մենք, անկասկած, 21-րդ դար կմտնենք հաղթանակած։
Ես դրանում համոզված եմ, քանի որ կաք դուք, քանի որ ձեզանից յուրաքանչյուրը հավատի, հույսի մեկական սյուն է։ Իսկ եթե մենք հանրապետությունում ունենք այսքան հավատի, հույսի սյուներ, ուրեմն մենք, անկասկած, հաղթանակ ենք տանելու։
 
ԱՄՓՈՓԻՉ ԵԼՈՒՅԹ ԵԿՄ 3-ՐԴ ՀԱՄԱՈՒՄԱՐՈՒՄ 29 նոյեմբերի 1997թ.
Միայն հզոր տնտեսությունը կարող է ապահովել հզոր բանակի գոյությունը։ Մեզ մոտ անբնական բան է կատարվել, որ բանակը առաջ է ընկել պետությունից։ Այս միտումը հղի է լուրջ վտանգներով։ Հզոր պետության քարշիչ ուժը տնտեսությունն է։ Այն պետք է առաջիկա տարիների ընթացքում կարողանա հասնել եւ անցնել բանակից։ Պետության գերխնդիրն է սա։ Մեր կողմից խոստանում ենք առաջիկա 2-3 տարիների ընթացքում մեծ բեռ չդառնալ պետության ուսերին, քչով բավարարվել։ Դա չի նշանակում, որ բանակի հոգսերը միայն բանակի ղեկավարության հույսին պետք է թողնել։ Բանակը եղել է եւ պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, հաճելի հոգս է։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում։
Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է։ Մենք չէինք կարող սպասել, որ հեռուներից գեներալները գային եւ մեզ կռվել սովորեցնեին։ Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք։ Փառք Աստծո, վատ չկռվեցինք։ Այսօր այլ են պահանջները։ Միայն ոգեղեն խոսքով եւ ռոմանտիկ պատկերացումներով սպային բանակի հետ չես կապի։ Նյութական գործոնն այսօր գերիշխող է քաղաքականության մեջ, հասարակության մեջ, մարդկային փոխհարաբերություններում։ Կամա թե ակամա այն պետք է մտներ բանակ եւ ազդեր մեր բանակային քաղաքականության վրա։ 
- Պարոն նախարար, մարդուն տրվում է մեկ կյանք, եւ նա ուզում է այն ապրել լիարժեք` վայելել, սիրել, ճամփորդել, ինչպես ֆրանսիացին, ամերիկացին։ Երբ հային կենաց եւ մահու կոչվ եք դիմում (նկատի ունեմ հատկապես Մահապարտների գումարտակ կազմակերպելու Ձեր պատմական դիմումը), Ձեր հոգու վրա մեծ մեղք չե՞ք վերցնում, որպես անձ կարողանո՞ւմ եք մարսել դրա հետեւանքները։
- Լավ ասացիք` ինչպես ֆրանսիացին, ամերիկացին։ Ֆրանսիացիք, ամերիկացիք իրենց կռիվն արել-պրծել են, պետություն են ստեղծել, եւ այն ժամանակ քիչ զոհեր չեն տվել։ Այսօր նրանք իրավունք ունեն ճամփորդել, սիրել, իրենց դեմոկրատիան խաղալ։ Մենք մեր ազգային պատերազմն անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել։ Ճիշտ եմ արել, որ կենաց եւ մահու ընտրության կոչով եմ դիմել։ 1915թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից միլիոն ու կեսին կոտորեն։ Տասնյակ հազարավոր մարդիկ այդ ընթացքում զոհվեցին բնական աղետներից։ Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-95թթ. հինգ հազար հրաշալի զինվոր կորցրեցինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ։ Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ժամանակային ինչ-որ հանգրվանում իրենց պատերազմը տվել են։ Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կեսճանապարհին չեն հոգնել։ Ռուսները երբ զգացին, որ բանակների պատերազմում տանուլ են տալիս Նապոլեոնին, հնարեցին Հայրենական պատերազմը։ Եվ դա ամենագեղեցիկ բանն է, որ երբեւէ հնարել է որեւէ ժողովուրդ։ Ասելս այն է, որ մեր պատմության շառավիղներում մենք չցուցաբերեցինք համապատասխան կամք, հավաքականություն, չունեցանք մեր 50-հազարանոց բանակը, չունեցանք Հայրենական պատերազմ հնարելու ռուսական հրաշագործ միտքը, այլապես այսօր ֆրանսիացու պես կճամփորդեինք, կսիրեինք, դեմոկրատիա կխաղայինաք, մարդու իրավունքներից կխոսեինք, կենդանիների եւ բնության գաղափար կմոգոնեինք։ Չունեմ խղճի խայթ։ Եթե կարիք լինի, էլի կդիմեմ։ Խղճի խայթ այսօր ունենք, երբ հարաբերական խաղաղության պայմաններում զինվորներ են անիմաստ զոհվում։
Պարզապես հավատում եմ Հայաստանի ապագային։ Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու։ Շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի մեջ, ձայնի մեջ, անկախություն բառն արտասանելիս, չկա ոգեւորություն։ Դա ցավալի է, բայց փաստ է։ Մենք` այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ Անկախությունը, Ազատությունը, Հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ։ Մենք կկործանվենք, եթե ժողովուրդն սկսի ատել այս գաղափարները։ Նույն կերպ ես արտահայտվում եմ պատերազմի մասին։ Աշխարհի ոչ մի ժողովուրդ պատերազմը չի սիրում, չկա նաեւ մի այնպիսի ժողովուրդ, որ չհարգի իր ազատագրական պատերազմը։ Այդպիսի ժողովուրդները վտարվելու են պատմության ընթացքից։ Չի կարելի բոլոր դժվարություններն ու ծանրությունները պատերազմով բացատրել։ Դա այդպես չէ, Այս պատերազմը մինչեւ այս պահը մեզ ավելին է տվել, քան վերցրել է։ Եթե մենք ազգովի հանկարծ ատենք մեր պատերազմը` պարտության վտանգն ավելի կմոտենա մեզ։ Պատերազմի նկատմամբ ազգովի ատելությունը կհանգեցնի ազգի կործանման, բանակի քայքայման։ Եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի։
 
ՙՀԱՅ ԶԻՆՎՈՐ՚, 27 դեկտեմբերի 1997թ.
 
Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես։ Պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին։ Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի` ձեռք եմ բերել հպարտություն։ Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա:Ես կռվել եմ, կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, եւ իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգիստ եղեք։
 
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
23 հունվարի 1998թ.
Արցախն աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով` թշնամին կարող է ջարդուփշուր լինել։ Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլեւս խփել, կուլ տալ հնարավոր չէ։ Դա է Արցախի փրկությունը, եւ մենք` ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ` իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին։ Ու պիտի գնա ուժերի կենտրոնացում եւ ոչ թե ջլատում։ Պաշտպանության խնդիրը պահանջում է գերկենտրոնացվածություն։ Կարելի է ասել, որ այսօր գրեթե 99 տոկոսով այդ կենտրոնացվածությունը կա, ինչը պիտի ամրացնենք։ Իսկ ջլատողների դեմ կպայքարենք ամենայն վճռականությամբ։
Առաջին հերթին կուզեի խոսել հայ զինվորի բարոյական կերպարի մասին։ Նրա բարոյական դիմագիծը ։Պետք է լինի անարատ։ Մենք երկար ժամանակ բանակ, զինվոր չենք ունեցել, եւ նորաստեղծ մեր կառույցը պիտի լինի զուլալ, արմատը` շատ մաքուր։ Հայ զինվորին կուզեի տեսնել անբիծ, անշահախնդիր եւ պետական մտածողության տեր, ինչը, ցավոք, այսօր բացակայում է։
Մեզ համար մեծագույն չարիք է խմբապետությունը, ինչից հարկ է, որ ազատվենք։ Եթե հայ զինվորը չսովորի ենթարկվել հայ եֆրեյտորին, մենք երբեք չենք կարող բանակ ստեղծել։ 
ՙՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԻ ԵՖՐԵՅՏՈՐԻՆ՚
24.01.1992թ.
 
…Դարը շուռ է գալիս։ Էջ ենք թերթում։ Նոր էջ ենք գրելու։ Մեր ձեռքով, ուրիշի թելադրանք չի լինելու։ Հազարամյակ է փոխվում։ Դա էլ իր ներքին արձագանքն է ունենալու մեր ինքնագիտակցության մեջ, հոգեբանության, ենթագիտակցության։ Մենք զգայական ազգ ենք եւ միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս. շատ հանճախ զգայականությունն օգուտ է տալիս։ 88-ը հիշի։ Սրտով ասված խոսքը երկար արձագանքվում է։
…Քանի էս երկիրը վերջնականապես պատերազմից դուրս չի եկել, ամենակարեւորը, այնուամենայնիվ, մնում է բանակը` եւ աշխարհի հետ հարաբերություններում, եւ ներքին գործունեության համար։ Որ օրը ժողովուրդը տեսավ, որ բանակն էլ է ձեռքից գնում, մեր վերջին օրը կլինի…
…Ինձ չեն հասկանում։ Ինձնից վախենում են։ Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են։ Դե դու քո կերպարը փոխի։ Կփոխե՞ս։ Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի. ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ. իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա։ Դրա համար էլ չեմ ասում։ Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա` ո՞վ է ինքը։ ալիս է պահ` ինքդ քեզնից հոգնում ես. հեռանալ ես ուզում։ Նշանակում է մեջդ այլեւս էներգիա չկա։ Տղամարդ եմ ասել, որ այդ պահին դիմանա։
 
ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ 7 մայիս 1999թ.
 
- Համապատասխանո՞ւմ է արդյոք, սպայական կազմի մակարդակը շարքայիններին ղեկավարելու համար։
- Ասենք թե սպայական կազմը, մոտավոր թիվ ասեմ, 15 հազարանոց մի մարմին է, որից ընդամենը 200-300-ի հետ է մեր անմիջական շփումը։ Մնացածը` միջին օղակի սպայական կազմը, անմիջական վերահսկողության տակ չէ։ Այսպիսի խոսք կա` ձուկը գլխից է հոտում, սակայն բանակի սպայական անձնակազմի մասին այդպիսի բան չի կարելի ասել։ Որովհետեւ ես վստահ եմ, որ այդ 200-300 հոգու մեծամասնությունն ազնիվ մարդիկ են եւ նրանց շնորհիվ է բանակը պահվում։ Իսկ միջին օղակը մի շերտ է, որ երբեք չենք ունեցել։ Խորհրդային բանակում հայ սպաները շատ չնչին տոկոս էին կազմում, հայի գիտակցության մեջ դա զարգացած չէր։ Շատ լավ հիշում եմ, որ սովորաբար հայ երիտասարդը, երբ վերադառնում էր խորհրդային բանակից, գլուխ էր գովում, որ աշխատել է խոհանոցում։ Դա մտածելակերպ է։ Այսինքն` այդ միջին օղակը մենք պետք է ստեղծեինք հենց պատերազմի ընթացքում։ Այդ օղակը լրացրեցինք ֆիդայիներով, բուհ ավարտած երիտասարդներով, այսինքն` նրանք պրոֆեսիոնալներ չեն։ Ու հաճախ շատ բաներ չեն անում ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում, այլ, որովհետեւ չգիտեն` ինչպես անեն։ Սա ասում եմ` դեռ հաշվի չառնելով նրանց սոցիալական վիճակը։ Եթե ճիշտ ծառայեն, ընտանեկան հոգսերով զբաղվելու ժամանակ չեն ունենա։
- Չե՞ք ցանկանում կաշառքով բանակից ազատվելն օրինականացնել, այսինքն` թույլ տալ ՙփրկագին՚ վճարել։
- Դա տարբերակ չէ։ Բանակին ոչ թե փող է պակասում, այլ բարոյականություն, արդարություն։
- Դուք քաղաքակա՞ն գործիչ եք, թե՞ պետական։
- Ես ինձ համարում եմ պետական գործիչ։
- Որտե՞ղ եք ծառայել։
- Սովետական բանակում չեմ ծառայել, որովհետեւ ինստիտուտից հետո գյուղական ուսուցիչ եմ աշխատել, իսկ նրանց բանակ չէին տանում։
- Դուք բռնկուն եք, չեք սիրում ամբոխավարությունը, կտրուկ եք արտահայտությունների մեջ։ Դա հոյակապ կերպով շահարկվում է ընդդիմության կողմից։ Չե՞ք գտնում, որ կա իմիջմեյքերի խնդիր։ 
- Ես երբեք չեմ մտածել իմ իմիջի մասին։ Միտումնավոր եմ դրել ինձ այդ վիճակի մեջ, որովհետեւ մեր կարգի կայացող պետություններում պետք է լինեն մարդիկ, որ իրենց վրա վերցնեն այդ զործը։ Իմ տեսակը դա չէ։ Դա ավելի շուտ սկզբունք է։ Ինչ արել եմ, արել եմ գոռով։ Զոռով բանակ եմ տարել, զոռով եռամսյա զորակոչ եմ արել։ Պետնախարար էի` անունս դրել էին փեդնախարար։ Հիմա էլ վերածել են համազգային բոբոյի։ Ժողովուրդը մեղավոր չէ, ինքս եմ ինձ այդ վիճակի մեջ դրել։ Պետք է լիներ մեկը, որ նաեւ դրսի խուժանի հետ կռվեր։ Վերջերս տեսա, որ իմ կերպարը նույնացվում է բանակի հետ, եւ չի կարելի իմ կերպարով բանակին վնաս տալ։ Հիմա այն, ինչ որ առաջ ուժով եմ արել, ուզում եմ անել սիրով, հասկացողությամբ, գաղափարով, այսինքն` ուզում եմ վերադառնալ իմ ճիշտ ոճին։ Ընդ որում, շրջապատը շատ լավ գիտի, որ ես Հայաստանի բոլոր վարչապետների հետ էլ պրոբլեմ չեմ ունեցել, ոչ մի պրոբլեմ չեմ ունեցել որեւէ քաղաքական կուսակցության հետ։ Այդ բացասական կերպարը շատ նրբորեն շինվեց։
- Ո՞ր զորավարի կերպարն է ձեզ համար հոգեհարազատ։
- Դը Գոլի։
- Մենք ունե՞նք Դը Գոլ։
- Մենք դեռեւս կարճ կենսագրություն ունեցող պետություն ենք, եւ ժամանակներն այնքան հախուռն են, որ դեռ վաղ է այդ մասին խոսել։ Այդ պետությունը հիմա լավագույն դեպքում ենթադրում է նժդեհյան կերպարներ։
- Կողմնակիցնե՞ր ունեք, թե՞ հետեւորդներ։
- Եթե ուզեի, կունենայի ավելի շատ հետեւորդներ, քան կողմնակիցներ։ Բայց ուզում եմ ունենալ կողմնակիցներ, որոնք նվիրված լինեն ոչ թե ինձ, այլ այն գործին, որը ես անում եմ։ Ես իմ գործին շատ եմ հավատում, հավատում եմ նաեւ, որ իմ գործը նորմալ, անշահախնդիր եմ անում։
- Ո՞ր միջավայրում եք դիսկոմֆորտ զգում։
- րեթե բոլոր միջավայրերում։ Դիսկոմֆորտ չեմ զգում միայն, երբ որ մենակ եմ։ Դա երեւի գալիս է նրանց, որ հրեշավոր շատ շփումներ եմ ունենում, շատ եմ խոսում աշխատանքի բերումով։ Կար մի պահ, երբ երազում տեսնում էի` ինչպես երկու մարդ մոտենում են ինձ, եւ վեր էի թռչում այն մտքից, որ պետք է խոսեմ նրանց հետ։ Ես խոսում եմ այնպես, ինչպես ծանրամարտիկը ծանրաձող է բարձրացնում, ֆիզիկական ճիգեր գործադրելով։ Շատ նրբազգաց եմ, ու եթե, ասենք, մի 100 մարդ հավաքված է լինում, մեջքով զգում եմ կեղծիքը, փոխադարձ անհամակրելի պահերը, եւ այդ լիցքը փոխանցվում է նաեւ ինձ։
- Կա՞ գիրք, որ Ձեր ներաշխարհի ձեւավորման վրա որոշիչ ազդեցություն է ունեցել։
- Անկասկած, դա Հրանտ Մաթեւոսյանի գրականությունն է ամբողջապես։
- Ո՞ր ֆիլմն եք նախընտրում։
- Մել Գիբսոնի ՙԽիզախ սիրտը՚։
- Ի՞նչ կարգախոսներ ունեք, որ կուզեիք գրվեր քաղաքում։
1. Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչեւ վերջ պետք է տա։
2. Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։
3. Պետք է ուժեղացնել մեր համաշխարհային դիմադրողականությունը
4. Չգիտեմ` համաշխարհայի՞ն ազգ ենք, թե՞ ոչ, բայց պարտավոր ենք համաշխարհային գործոն դառնալ, դա փաստ է։
- Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել Հայաստանը հինգ տարի հետո։
- Ես կուզեի տեսնել այն շատ կառուցիկ, շատ ինքնուրույն, ինքնաբավ, հզոր մշակույթ, դպրոց եւ բանակ ունեցող երկիր։ Մեծ նշանակություն եմ տալիս դպրոցին, որովհետեւ նա է հիմքեր ստեղծում։ Ցավոք սրտի, այդպիսի դպրոց հիմա չունենք։
- Ձեր պատգամը սերունդներին։
- Ինձ թվում է` պատգամ գրելու տարիքի չեմ հասել եւ պատգամ գրող մարդու արժանիքներ եւ ավանդ չունեմ։ Հիմա, արդյոք, կա՞ մարդ, որ պատգամ գրելու իրավունք ունի։
 
ՙՉՈՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՚ 15 սեպտեմբերի, 1997թ.